1038 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-18 18:57

Քննչական կոմիտեում կայացել է բանակում արձանագրված դեպքերով քրգործերի վերաբերյալ խորհրդակցություն

Քննչական կոմիտեում կայացել է բանակում արձանագրված դեպքերով քրգործերի վերաբերյալ խորհրդակցություն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ քննվող քրեական գործերով: Այս մասին հայտննում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ մահվան ելքով դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ, քննության ընթացքում ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ու շահերի լրիվ ծավալով իրականացումը, վերջիններիս, ինչպես նաև ողջ հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեպքերի հանգամանքների և քննության ընթացքի վերաբերյալ՝ հնարավորինս հրապարակային դարձնելով գործընթացը` միաժամանակ չխախտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները  չհրապարակելու վերաբերյալ օրենսդրական պահանջը:

Միևնույն ժամանակ, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել հայեցակարգ՝ միտված նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելուն: