344 դիտում, 2020.02.17 17:46

ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Բաբլոյանին և Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ

ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Բաբլոյանին և Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը առարկություն է ներկայացրել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության. «Այսինքն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բ.-ի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հետևաբար դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»,-հայտնել են դատախազությունից։ Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։

2019թ դեկտեմբերի 24-ին դատախազությունը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով որոշում էր կայացրել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու մասին։

կիսվել նյութով -