«Այլևս լրագրողը չի, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չի, որ լուր է արտադրում, մենք պարզապես սպառողներն ենք այն վիրտուալ «ուղիղ եթեր» իրականության, որը հրամցնում է մեզ երկրի վարչապետը, տարբեր պաշտոնյաներ, կառավարությունը»,-այսօր «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները՝ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ առանձնացրեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ամենամեծ փոփոխությունը, այն է, որ փոխվել է լուր արտադրողը։ «Մենք ուղղակի դարձել ենք այդ ամենը նորից վերադարձնողը հասարակությանը և անիմաստ միջնորդ օղակն ենք դարձել այդ ամենում։ Վերջին երկու տարում մեր երկրում «Տեղեկատվության մասին» օրենքն է ոտնահարվում», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Վերջինս նշեց նաև՝ երկրում բանական, ուղեղ ունեցող մարդու փոխարեն ստեղծվում է արհեստական համակարգչային մարդ, որը շատ հաճախ ղեկավարվում է իշխանության կողմից եզրափակելով իր խոսքը, Գեղամ Մանուկյանը նշել է․ «Մի կարևոր բան կա՝ ՀՀ-ում վերջին երկու տարիներին ժողովրդավարության, թափանցիկության, կառավարության և իշխանության հասանելիության, հասարակությանը հաշվետվողականության օրենքն է ոտնահարվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Այն բարձիթողի վիճակում է»։