կարևոր
842 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-17 13:04

Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է

Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը:

Բացի այդ՝ պաշտպանը նաև Վերմիշյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ Վահագն Վերմիշյանից բացի սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Ի դեպ, նշենք, որ թեեւ քաղաքաշինության կոմիտեի նախագահը կալանավորված է, սակայն նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում վարչապետը դեռ չի կայացրել։

Աղբյուր` Փաստինֆո