կարևոր
3567 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-16 18:02

Որպեսզի հետ չմնամ թրենդից, մի բան էլ ես ասեմ Փաշինյան-Ալիև օնլայն բանավեճից. Ահարոն Վարդանյան

Որպեսզի հետ չմնամ թրենդից, մի բան էլ ես ասեմ Փաշինյան-Ալիև օնլայն բանավեճից. Ահարոն Վարդանյան

«Փաշինյան-Ալիև օնլայն բանավեճից խոսացին բոլորը, այս դեպքում, ոնց ասում են, բացի ինձնից, օղորմածիկ Կաստրոյից ու էլի մի քանի հոգուց»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը:

«Դե որպեսզի հետ չմնամ թրենդից, մի բան էլ ես ասեմ, բայց ի տարբերություն շատերի՝ մասնագիտությանս լուսանցքից նայելով և համապատասխան եզրաբանությունն օգտագործելով․

Բաքվի բռնապետն իր խոսքում անդրադարձ կատարեց Ադրբեջանական Հանրապետության կազմում «ազգային փոքրամասնություններին», քանի որ այդ պահին հիշեցնող չեղավ վերջինիս, այստեղ փորձեմ մի երկու բառով գրել, հաջորդ հանդիպումների ժամանակ կարող է պետք գալ ՝

Նախ՝ միայն ազգային փոքրամասնություններ չեն, կան նաև տեղաբնիկ ժողովուրդներ՝ մասնավորապես՝ թալիշներ, Կովկասյան պարսիկներ կամ թաթեր, լեգիներ, ավարներ և այլն, որոնց կյանքը Բաքվի բռնապետի ենթակայության ներքո, մեղմ ասած, հեշտ չէ, քանի որ, մասնավորեպես բազմաթիվ թալիշ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ և պարզապես շարքային թալիշ քաղաքացիներ, որոնք խոսում են թալիշերենով, փորձում են պահել, օգտագործել իրենց լեզուն, գրականությունը մշակույթը, ազգային ինքնությունը հանդիպում են Բաքվի բռնապետի շատ խիստ և կոպիտ ճնշմանը, բանտարկվում են կամ պարզապես ֆիզիկապես ոչնչացվում։
Չկա վերջիններիս լեզվով հեռուսատեսություն կամ հողորդում, կայք, կամ ընդամենը մի թերթ, այն էլ՝ չլինելու հաշիվ է։ Իսկ եղած կայքերն էլ արգելված են Ադրբեջանում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են թալիշական սյուռքի ակտիվիստները։

Քանի որ տեղում արձագանք չեղավ, այստեղ արձագանքենք, հաջորդ հանդիպումների ժամանակ կարող է պետք գալ՝

Բաքվի բռնապետն՝ ի դեմս թալիշների, թաթերի և վերոնշյալ այլ տեղաբնիկ ժողովուրդների, ունի հնարավորություն ապացուցելու, որ կարող է, թեկուզ իր եզրաբանությամբ, «ազգային փոքրամասնությունների» համար ապահովել խաղաղ և բնականոն գոյակցում։ Նա իր խոսքերի իրավացիությունն ապացուցելու համար կարող է այդ ժողովուրդների համար բացել դպրոցներ, մշակութային կենտրոններ, թերթեր, կայքեր, խորհրդարանում տեղ ապահովել, տալ լայն ինքնավարություն և նմանատիպ բազմաթիվ այլ բաներ»,- իրանագետն այսպես է  եզրափակել  իր գրառումը։