կարևոր
1871 դիտում, 2 տարի առաջ - 2020-02-16 13:18

«Երթ՝ շնորհակալության» դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ իրականացրեց՝ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն։

 Փետրվարի 16-ին կազմակերպված երթը նվիրված էր Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը։ «Միջոցառման նպատակն է՝ երախտիքի երթ կազմակերպել դեպի Սիրիայի դեսպանատուն՝ ուղղելով մեր շնորհակալությունն ու երախտիքը Սիրիայի ժողովրդին, խորհրդարանին, բոլոր այն պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք նպաստել են այս կարևոր ճանաչմանը։ Սա նաև ուղերձ է ուղղված և՛ արաբական աշխարհին, և՛ այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Քայլերթի մասնակիցներին դեսպանատանը դիմավորեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ «Ես հպարտ եմ, որ Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, դա պատմական ճշմարտության արձանագրումն է։ Հարյուր տարի առաջ Սիրիան իր դռները բացեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների առջև»,- ասաց դեսպանը։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Սիրիայում ընթացող պատերազմում ընկած մարտիկների հիշատակը։

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: