կարևոր
1407 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-15 21:35

ԵԱ․ Միհրան Ջաբուրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

ԵԱ․ Միհրան Ջաբուրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 0։10 հաշվով պարտություն կրեց սերբ Ստեվան Անդրիա Միշիչին։

Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը: Մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթանակ տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ պայքարում:

Նշենք նաև, որ 125 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն 3։0 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհինի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Լևան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանին:

61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 92 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Գալստյանը, որը քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսի նկատմամբ: