կարևոր
998 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-15 14:15

Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։ Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը:

Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը: Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Սրանչա Գոնսալես Լայան ընդգծեցին առկա ներուժի լիարժեք իրացումը առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով:

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ: