552 դիտում, 2020.02.14 20:17

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը նշել է Տեառնընդառաջի տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը նշել է Տեառնընդառաջի տոնը

Քառասունօրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին` Տեառնընդառաջին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը փետրվարի 14-ին Պատարագի սրբազան արարողության է մասնակցել Ս. Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ս. Պատարագի իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Այսօրվա սուրբգրային մեր ընթերցումները հետաքրքիր կերպով ներկայացնում են ոչ թե մեր պատկերացրած բառի բացատրությունը, այսինքն՝ գնալ Տիրոջն ընդառաջ, այլ այն, որ Տերն է գալիս մարդկանց ընդառաջ:

Երբ ընթերցում ենք Պողոս առաքյալի թուղթը, տեսնում ենք, որ իսկապես մենք այլևս ծառա չենք, մենք այլևս զավակն ենք Աստծո, հետևաբար Աստված գալիս է մեզ ընդառաջ, որպեսզի իր որդեգրությունը տա մեզ: Տեր Հիսուս Քրիստոս չի սպասում, որ նախ մենք գնանք Նրան ընդառաջ, այլ Աստված ինքն է գալիս ընդառաջ: Այսօր իսկապես 40 օրական Քրիստոս եկել է տաճար և մեզանից է սպասում, որ պահենք իրեն մեր սրտի տաճարների մեջ: Պողոս առաքյալի խոսքերով, թե «Այս բանն եմ ասում ձեզ, որքան ժամանակ, որ ժառանգը երեխա է, ավելին չէ քան ծառան, թեպետ և ամեն ինչի տեր է»:

Այս խոսքով սիրելիներ մենք ունենք Քրիստոսի ներկայությունը մեր կյանքի մեջ, սակայն արդյո՞ք ունենք ցանկություն որդեգրվելու Աստծուն: Այսօր Քրիստոս առաջին քայլն է անում, երբ գալիս է մեր կյանք, մեր տաճար: Հաջորդ քայլը մերն է: Որքան պահանջվում է՝ պետք է սպասես, որ Աստված մեկ օր պետք է գա և այդ նույն հույսով նաև յուրաքանչյուրս պետք է լցված լինենք»։

Գարեգին վարդապետը հավատացյալներին հիշեցրեց նաև, որ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր։

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նաև Մայր Աթոռում ծառայող նորապսակ սարկավագներին իրենց կողակիցների հետ՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները տոնի առիթով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

կիսվել նյութով -
հավանել
442