856 դիտում, 2020.02.14 19:16

«Գոլդեն Փելես»-ը կրկին դրվել է աճուրդի

«Գոլդեն Փելես»-ը կրկին դրվել է աճուրդի

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի: Կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների, ներսում առկա շարժական գույքի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին:

Շենք շինությունների մակերեսը կազմում է 19758 քառ. մետր։ Գույքի օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը 1.38 հա է: Գույքի աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 150 մլն  134  հազար 910 դրամ է:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

2019 թ. սեպտեմբերի 26-ին կառավարությունը հաստատել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող  19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված  հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը  որպես նվիրատվություն  ընդունելու մասին որոշումը: Առաջին աճուրդը նախատեսվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնման համար հայտ չէր ներկայացվել: Առաջին աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ էր: Եթե աճուրդը չի կայանում, ապա հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է ավելի ցածր: