996 դիտում, 2020.02.14 17:42

ԲՀԿ-Ն հանրաքվեի հետ կապված որոշում կայացրեց

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները:

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին:
«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար»,- նշվում է կուսակցության հայտարարության մեջ:

Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին։

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5-ին:

կիսվել նյութով -
հավանել
442