կարևոր
3563 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-14 14:50

Ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել. Սուրեն Պապիկյան

Ուզում եմ տեղեկացնել, որ եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որևէ դատվածություն մարված է, ապա տվյալ անձը դատված չի համարվում: Պատմությունն ունի մոտ մեկ ու կես տասնյակի վաղեմություն, որը փորփրելով, մեր շատ սիրելի գործընկերները փորձել են իմ կյանքի վատ կամ մրոտ տեղերը գտնել: Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկվանից իր մասին շրջանառվող այն թեմային, որ թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և դատապարտված է եղել։

Նախարարը ներկայացրել է, որ հայկական բանակում չի ծառայել, այդ ընթացքում են որոշ խնդիրներ եղել, պատմությունը չի թաքցվել ու բոլորն են իմացել այդ մասին։ Նա 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն 2007 թվականի փետրվարի 23-ին համաներմամբ ազատ է արձակվել։

Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում: