01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ:
«Բարձր ենք գնահատում Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Երիտթուրքական կառավարության կողմից սանձազերծված ցեղասպանությունը, որի մի զգալի հատվածն իրականցվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում, հայ և սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության մասն է կազմում։
Սիրիացի ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը՝ առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին: Հազարավոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմավորելով հայ ամենածաղկուն համայքներից մեկը և իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում:
Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Այսօր, երբ դժվարին փորձությունների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր համերաշխությունը և զորակցությունն ենք հայտնում առկա մարտահրավերների հաղթահարման գործում»,-ասված է հայտարարության մեջ։