Թուրքիան հերթական սպառնալիքներն է ուղղել Սիրիայի հասցեին: Մասնավորապես, նախագահ Ռեջեփ Էրդողանը զգուշացրել է, որ թուրքական բանակը կա՛մ օդից, կա՛մ ցամաքից կհարվածի Սիրիայի կառավարական ուժերին երկրի ցանկացած շրջանում, եթե եւս մեկ թուրք զինվոր անգամ թեթեւ վնասվածք ստանա: Հիշեցնեմ, որ վերջին մեկ շաբաթում սիրիական Իդլիբ նահանգի մատույցներում Սիրիայի եւ Թուրքիայի ուժերի միջեւ բախումների հետեւանքով՝ 12 թուրք զինվոր է սպանվել:
Իդլիբում Թուրքիան աջակցում է զինված ընդդիմությանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքին էլ Ռուսաստանն է սատարում: Պաշտոնական Մոսկվան արձագանքել է Էրդողանի այն մեղադրանքներին, թե սիրիական կառավարական բանակն Իդլիբում թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ սիրիական ուժերի նպատակը միայն ահաբեկիչների ոչնչացնումն է: Ի դեպ, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները, այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում, քննարկել են իրավիճակն Իդլիբում: