Սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ Ճանապարհաշինական կազմակերպություններն իրենց տեխնիկայով պատրաստ են սկսել ճանապարհի մաքրման աշխատանքները՝ բուքը դադարելուն պես․ այս պահին ճանապարհին հնարավոր չէ աշխատանք իրականացնել՝ ուժեղ քամու պատճառով։ Լուրը հաղորդում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։
Խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել ու չերթևեկել նշված ճանապարհով։ ՀՀ ՃՈ եւ ԱԻՆ աշխատակիցները շարունակում են հերթապահությունը ճանապարհին։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին այս պահին տեղում են ու պարբերաբար շրջայցեր են կատարում։ Գորիսի համայնքապետարանը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով և պատրաստ է հոգալ այն քաղաքացիների մասին, որոնք մնացել են ճանապարհին ու աջակցության կարիք ունեն։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել զգուշություն ու շարունակել ճանապարհը եղանակային պայմանների լավացումից հետո, իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան, Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններ»,- գրում է Իրինա Յոլյանը:
Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի փակ լինելու պատճառով՝ Արցախում հետաձգվել է նորակոչիկների երդման արարողությունը, այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը։ Այն ծնողները և հարազատները, ովքեր արդեն Արցախում են, հնարավորություն կստանան 1 օր անցկացնել իրենց զինվորների հետ... Այս պահին ևս ճանապարհները փակ են, տեղում աշխատանքներ են տարվում։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: