Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշայինների երրորդ տեղի համար մրցապայքարում գյումրեցի Կարապետ Չալյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող հայազգի Հայկ Մնացականյանին: Գոտեմարտն ավարտվել է 3-0 հաշվով: Այսպիսով՝ Կարապետ Չալյանը նվաճել է առաջին մեդալը Հայաստանի հավաքականի համար:
Հիշեցնենք, որ Չալյանը որակվորման փուլում 11-2 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ էլ 5-2 հաշվով առավելության էր հասել բելառուս Պավել Լյախի նկատմամբ: Կիսաեզրափակչում Կարապետ Չալյանը 0-3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: