կարևոր
692 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-11 15:59

Կոնստանտին Օրբելյանը կրկին զբաղեցնում է օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը

Կոնստանտին Օրբելյանը կրկին զբաղեցնում է օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին ստանձնել է օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները:

Այս մասին Օրբելյանը հայտնեց փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Փետրվարի 10-ից կրկին թատրոնի տնօրենն եմ: Գուցե ոմանք շատ գոհ են այդ կապակցությամբ, ոմանք` ոչ:  Թատրոնի տնօրենի պարտականությունները կարող եմ կատարել մինչև այս տարվա օգոստոսի 3-ը: Հետո կտեսնենք` ինչ կլինի»,-նշեց Օրբելյանն ու ասաց, որ թատրոնը պատրաստվում է բեմ բարձրացնել Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը, որի իրականացման գործում գումար է տրամադրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Օրբելյանի խոսքով`նախկինում ձեռք բերած հյուրախաղերի և այլ պայմանավորվածությունները չեղարկվել են, քանի որ թատրոնը պետական աջակցություն չի ստացել:

Նա հիշեցրեց, որ իր ղեկավարման ժամանակաշրջանում հյուրախաղեր են ունեցել Դուբայում, Քուվեյթում, բեմադրել են «Մանոն» օպերային ներկայացումը, «Չիպոլինո» բալետային ներկայացումը, որոնց բեմադրության գործում պետությունը որևէ աջակցություն չի ցուցաբերել:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն ընդգծեց, որ օպերան մի շարք խնդիրներ ունի, որոնք անհրաժեշտ է լուծել. նորոգման կարիք ունի կտուրը, օդափոխման համակարգն է վատ վիճակում` ձմռանը ցուրտ է, իսկ ամռանն այնքան շոգ է, որ աշխատելն անհնար է դառնում: Համալրման կարիք ունի նաև լուսաձայնային համակարգը:

Խոսելով այն ներկայացումների մասին, որոնք շատ կցանկանար բեմադրել, Օրբելյանն ասաց, որ մեզ օդի պես հարկավոր են բալետային ներկայացումները: «Խաղացանկում «Բյուրեղապակյա դղյակ»-ն է, «Չիպոլինո»-ն: Պարտավոր ենք բեմադրել «Շելկունչիկ», «Կարապի լիճ» բալետները: Դասական գործերը մեր բալետի քրեստոմատիան են: Շատ կցանկանամ բեմադրել Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ «Սառցե թագուհին»,-շեշտեց նա: