կարևոր
594 դիտում, 1 տարի առաջ --> 2020-02-11 11:58

Երևանում տոներին «Շտապ օգնությունը» ստացել է 8 146 կանչ. նախորդ տարվա համեմատ թիվն ավելացել է

Երևանում տոներին «Շտապ օգնությունը» ստացել է 8 146 կանչ. նախորդ տարվա համեմատ թիվն ավելացել է

Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ծառայությունը ամանորյա տոնական օրերին այս տարի սպասարկել է 384-ով ավելի շատ կանչեր, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում: Ընդ որում, թունավորման դեպքերով կանչերը քիչ են եղել:

Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Տոնական օրերին` դեկտեմբերից 30-ից մինչև հունվարի 7-ը «Շտապ օգնությունը» կատարել է 8 հազար 146 կանչ, որը 384 կանչով ավելի են, քան անցյալ տարվա կանչերը: Հիվանդանոց է տեղափոխվել է 1 657 հիվանդ, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 350-ով: Մանկական կանչերի թիվը տոնական օրերին եղել է 798 է` նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 134-ով ավելի: Եվ հիվանդանոց է տեղափոխվել է 276 երեխա, որը 23-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց` հունվարի 6-ին գրանցվել է կանչերի ամենամեծ թիվը` 976, հիվանդանոց է տեղափոխվել 220-ը:

«Շտապ օգնությունը» կենցաղային պայթուցիկների օգտագործումից վնասման 9 դեպքով կանչ է ստացել, որոնցից 2-ը եղել են երեխաներ, 7-ը` մեծահասակ: Հիվանդանոց է տեղափոխվել միայն 3 մարդ, որոնցից մեկը՝ երեխա:

Անդրադառնալով թունավորման դեպքերին` նա նշեց, որ ոգելից խմիչքից ինքնազգացողության վատացման համար ունեցել են 81 կանչ, որոնցից 34-ի դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Սննդային թունավորմամբ 2 անձանց տեղափոխել են հիվանդանոց` հետազոտման:

Անդրադառնալով կանչերի թվի ավելացման պատճառներին` Ստեփանյանը նշեց` միտումն այնպիսին է, որ կանչերի թիվն ամեն տարի ավելանում է: Նրա կարծիքով` միգուցե պատճառներից մեկն էլ ավելացող վստահությունն է: Տոնական օրերին թունավորման դեպքերով կանչերը քիչ են եղել: Սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերն անցյալ տարվա համեմատ 213 դեպքով նվազել են: Մարդիկ ուղղակի վատ են զգացել և կանչել են «Շտապ օգնություն»` անկախ նրանից, որ պոլիկլինիկաները հերթապահել, աշխատել են այդ օրերին»,-ասաց Ստեփանյանը:

Անհիմն կանչերի պակաս ևս չի եղել: Ստեփանյանի խոսքով` անգամ դեպք է եղել, որ  քաղաքացին կանչ է գրանցել` ինքնազգացողության վատացման համար, սակայն խնդրել է օգնություն ցուցաբերել իր կատվին:

Շտապ օգնության կանչերի ընդհանուր թիվը 2019-ին կազմել է 262 հազար 441, որը 14 հազար 558 կանչով ավելի է, քան 2018-ի կանչերը: Հիվանդանոց է տեղափոխվել 59 հազար 671 հիվանդ, որն ավելի է, քան 2018-ին հիվանդանոց տեղափոխվածների թիվը: Մանկական կանչերի թիվը նախորդ տարի եղել է 27 հազար 75, որը 2018-ի համեմատ ավելի է 506-ով, և հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 2019-ին եղել է 11 հազար 183` 2018-ի 1235-ի համեմատ: