1178 դիտում, 2020.02.10 22:44

Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Բաբաջանյան փողոց-Աշտարակ նոր ճանապարհի իրացման գոտու բնակիչների հետ

Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Բաբաջանյան փողոց-Աշտարակ նոր ճանապարհի իրացման գոտու բնակիչների հետ

 Երևանի փոխքաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Բաբաջանյան փողոց-Աշտարակ նոր ճանապարհի իրացման գոտու բնակիչների խմբի հետ, որը դժգոհություն հայտնել է ճանապարհաշինական ծրագրի այդ հատվածի վերաբերյալ։ Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ մշակվել են լավագույն լուծումները, որոնք հնարավոր էր տալ ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածը հանդիսացող Բաբաջանյան փողոցի հարակից շենքերի բնակիչներն իրենց անհանգստությունն են հայտնում դեռևս 2017թ-ից կառուցվող ճանապարհի հատվածի վերաբերյալ: Հիմնական խնդիրը բակային տարածքներ մեքենաների ելումուտի, ինչպես նաև հետիոտնի անցուդարձի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռևս նախորդ տարի հանդիպեցին բնակիչների հետ և որոշում կայացվեց դիտարկել նախագծային փոփոխության հնարավորությունը: Ի վերջո, քաղաքապետարանը, հաշվի առնելով քաղաքացիների դիտարկումները, նախագծում մի շարք փոփոխություններ արեց: Այնուհանդերձ, բնակիչների մի մասը շարունակում է դժգոհություն հայտնել ճանապարհաշինական ծրագրի այդ հատվածի վերաբերյալ: 

«Մեկ տարի ձեզ հետ միասին աշխատել ենք և փորձել ենք հասկանալ՝ ո՞րն է լավագույն լուծումը: Եթե բան չի փոխվել, նշանակում է՝ նախագծի արժեքն էլ պետք է չփոխվեր: Բայց ծրագրի արժեքը այս փոփոխությունների արդյունքում մոտավորապես 900.000-ից 1 մլն դոլարի չափով թանկացել է՝ հաշվի առնելով ձեր բոլոր նկատառումները: Սկզբնական նախագծով գրված էր, որ ծառեր պետք է հատվեն, որոնք այսօր չեն հատվում, ճանապարհը շենքից 20 մ հեռավորության վրա է: Այսինքն, այն լավագույն լուծումները, որոնք հնարավոր էր տալ ծրագրի շրջանակում, մենք տվել ենք»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ավտոճանապարհի կառուցման համար բակային տարածքում իրացված 44 գույք կա, որոնց սեփականատերերը կամ օգտագործողները դեռևս 2017թ. համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն դրամ։ Ավտոտնակները, փաստորեն, այժմ համայնքի սեփականությունն են:

«Համայնքն իրացնում է իր սեփականությունը: Իսկ նախագիծը հնարավորինս համապատասխանեցվել է և՛ համայնքի շահերին, և՛, մասնավորապես, տեղի բնակչության շահերին»,- նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: