1574 դիտում, 2020.02.10 19:32

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, թագավոր Աբդալլահ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում են նրա եղբայր, Նորին Արքայական Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական և անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն արքայազն Ղազի բին Մոհամմեդը, Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադին, թագավորի հաղորդակցության և համակարգման հարցերով խորհրդական Բիշեր Ալ Խասավնեհը, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համմուրին:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:

Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։