կարևոր
2931 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-10 16:39

ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

Ադրբեջանի խորհրդարանի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չի եղել իսկական մրցակցություն, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը: Այս հայտարարությամբ փետրվարի 10-ին հանդես են եկել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյից դիտորդական առաքելության ներկայացուցիչները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Չնայած մեծ թվով թեկնածուներին, օրենսդրության սահմանափակումները խոչընդոտում էին իսկական մրցակցությանը»,-ասված է առաքելության հայտարարության մեջ: Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ բերել ընտրություններում, ինչը ստիպում է կասկածել դրանց թափանցիկությանը: Բացի այդ, նրանց խոսքով, առանձին դեպքերում ճնշում է գործադրվել ընտրողների վրա:

Դիտորդների առաքելության ներկայացուցիչները նաեւ նշում են, որ կայացած ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ էր դիտորդների համար, սակայն չկարողացավ ապահովել ազատ դեմոկրատական ընտրությունների անցկացումը:

Փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում էր 1314 թեկնածու: Ընտրություններում հավատարմագրված էր 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ:

Ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, առավել մեծ թվով մանդատներ է ստանում օրենսդիր մարմնում: Այդ տվյալների համաձայն, կուսակցությունը կարող Է ստանալ մինչեւ 71 մանդատ: