կարևոր
2137 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-09 11:41

Որն է եղել Թաիլանդում զինվորի՝ առևտրի կենտրոնում կրակ բացելու դրդապատճառը

  Որն է եղել Թաիլանդում զինվորի՝ առևտրի կենտրոնում կրակ բացելու դրդապատճառը

Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հայտնել է, թե որն է եղել Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նաhոնրատչասիմա քաղաքում զինվորի՝ կրակ բացելու հիմնական դրդապատճառը: Վարչապետը կարծում է, որ հարձակվողի հիմնական շարժառիթը տան գործարքի շուրջ ունեցած վրդովմունքն ու խաբված լինելու զգացումն է եղել, հայտնում է Reuters գործակալությունը:

«Դա տան գործարքի պատճառով առաջացած անձնական կոնֆլիկտ է եղել»,- վստահորեն նշել է վարչապետը՝ հավելելով, որ տարաձայնությունները կապված են եղել հրամանատարի հարազատների հետ, որն էլ առաջին սպանվածներից է եղել։

«Նման բնույթի հանցագործությունը Թաիլանդում պետք է առաջինն ու վերջինը լինի»,- ընդգծել է Չան-Օչան վիրավորներին հանդիպելու համար Մահարատա հիվանդանոց այցելության ժամանակ ունեցած ելույթում։

Վերջինս նաև հավելել է, որ հստակ տվյալների համաձայն՝ «մահացել է 27  մարդ, վիրավորում է ստացել 57-ը։ Վիրավորներից 32-ը դեռևս հիվանդանոցում են, 25-ը դուրս են գրվել»։

Վարչապետը նշել է, որ դեպքի քննությունը շարունակվում է: Նա նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք արձագանքել են արյուն նվիրաբերելու խնդրանքով առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ զինվորն իր զորամասից գողացել է HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում` պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա, ապա  ուղիղ եթերում հեռարձակել է հրաձգության կադրերը, ինչպես նաև սելֆի է արել հրացանը ձեռքին: