կարևոր
3021 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-03 16:25

Չինաստանում 10 օրում կառուցված հոսպիտալը սկսել է ընդունել հիվանդներին

Չինաստանում 10 օրում կառուցված հոսպիտալը սկսել է ընդունել հիվանդներին

Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի բուժման համար 10 օրում կառուցված առաջին մասնագիտացված հոսպիտալը փետրվարի 3-ին ընդունել է հիվանդների առաջին խմբին, որոնց մոտ հաստատվել է ախտորոշումը: Այդ մասին ասված է Հուբեյի նահանգի կառավարության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հոշենշան» հոսպիտալի շինարարությունն սկսվել է հունվարի 23-ին, եւ որպեսզի առաջին հիվանդին ընդունեն դրա համար անհրաժեշտ պայմաններում, 7 հազար բանվոր է շուրջօրյա աշխատել վերջին 10 օրվա ընթացքում: Փետրվարի 3-ի առավոտյան շտապ օգնության 10 մեքենա հոսպիտալ է բերել հիվանդների առաջին խմբին, որտեղ, ինչպես նշում են իշխանությունները, կատարվել է հարկաբաժինների վարակազերծման եւ հիվանդների համար անվտանգ միջավայրի ստեղծման ամբողջ անհրաժեշտ նախնական աշխատանքը:

25 հազար քառակուսի մետր մակերեսով «Հոշենշան» հոսպիտալը նախատեսված է միաժամանակ շուրջ հազար հիվանդ տեղավորելու համար: Հատուկ այստեղ աշխատելու համար ՉԺՀ-ի զինված ուժերն ուղարկել են 1400 բժիշկ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, թիկունքային ապահովման միացյալ ուժերի ռազմաբժշկական ինստիտուտներից:

Քաղաքի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման եւ վարակվածների մշտապես աճող թվի պատճառով որոշում են ընդունել կառուցել երկու մասնագիտացված հոսպիտալ: «Լեյշենշան» երկրորդ հոսպիտալը կսկսի հիվանդներին ընդունել փետրվարի 6-ին: Դրա մակերեսը կկազմի 60 հազար քառակուսի մետր: Այստեղ կարելի կլինի տեղավորել մինչեւ 1600 մահճակալ: