կարևոր
2001 դիտում, 1 տարի առաջ - 2020-01-15 03:51

1200 անօթևան ընտանիք կա, բայց չունենք չափորոշիչներ, թե բնակիչներից ովքեր կհամարվեն շահառու. Սպիտակի քաղաքապետ

1200 անօթևան ընտանիք կա, բայց չունենք չափորոշիչներ, թե բնակիչներից ովքեր կհամարվեն շահառու. Սպիտակի քաղաքապետ
Անցյալ տարի հաշվառել ենք 1200 անօթևան ընտանիք կա, որոնք ապրում են տնակներում, դա մոտավորապես մեր ամբողջ բնակչության 20 տոկոսն է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը: «Ներկայումս քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի այդ անօթևան ընտանիքների բնակապահովման հարցը կարողանանք լուծել: Տարբեր մոտեցումներ կան, դեռ վերջնական եզրահանգման չենք եկել»,-ասաց նա: Լրագրողների այն դիտարկմանը, որ կառավարությունը նշում է, թե 3 մլրդ դրամ տրամադրելով 2021թ. մտնելու են «աղետի գոտու շահառու» հասկացությունը հանած` Գագիկ Սահակյանն արձագանքեց` «Կառավարության նշած 3 մլրդ դրամը գյուղական համայնքների բնակիչների համար են, ինչ վերաբերում է քաղաքներին` Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, դեռևս որևէ որոշում չկա գումարի փոխհատուցման»: Քաղաքապետը շեշտում է, որ քաղաքի ֆինանսական խնդիրները մեծ են, դեռևս չունեն նաև չափորոշիչներ, թե բնակիչներից ովքեր կհամարվեն շահառու, ովքեր` ոչ: Լրագրողների հարցին` ինչու մինչ օրս չկան չափորոշիչներ` Գագիկ Սահակյանը նշեց, որ նախկինում չափորոշիչներ եղել են, և սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովել բնակարանով, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո Սովետական Միության տարիներին նրանք սովետական ռուբլիով փոխհատուցվել են. «Այս պահին ավարտված է պետական բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ, մի քանի մասնավոր դեպքեր են մնացել, որոնք դատական կարգով վիճարկվում են»,-ասաց նա: Քաղաքապետն ընդգծում է, որ սեփական տուն կորցրածների համար այսօր քննարկումները դեռևս ընթանում են, թե ինչ կարգավիճակ ստանան և ինչպիսի լուծումներ ստանա բնակապահովման խնդիրը: Հիշեցնենք, որ 31 տարի առաջ, դեկտեմբերի 7-ին, աղետալի երկրաշարժից Սպիտակ քաղաքն ամբողջությամբ ավերվել էր, լրիվ կամ մասնակի ավերվել էին նաև Գյումրի, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր: