Մտահոգություն կա, որ Զիկան կարող է վնասել նորածինների նաեւ աչքերը

Սթենֆորդի համալսարանի հետազոտողներն արտասովոր արյունահոսություն և կուրացում են հայտնաբերել...
zika

Զիկայի բռնկումն ուսումնասիրող գիտնականներն ավելի ու ավելի են մտահոգվում, որ վիրուսը կարող է վնասել նորածինների նաեւ աչքերը: Այս մասին հայտնում է BBC-ն։

Սթենֆորդի համալսարանի հետազոտողներն արտասովոր արյունահոսություն և կուրացում են հայտնաբերել երեք նորածին տղաների մոտ, որոնց մայրերը հղիության շրջանում վարակված են եղել Զիկա վիրուսով:

Նրանք պնդում են, որ Զիկայի ազդեցությունը կրող բոլոր երեխաներն աչքի զննում անցնեն:

Արդեն հայտնի է, որ հիվանդությունը նորածինների մոտ հանգեցնում է ուղեղային լուրջ դեֆեկտի՝ միկրոցեֆալիայի:

Վերոնշյալ երեք տղաների մոտ էլ առկա է նաև այդ խնդիրը: Նրանց բոլորի մոտ նաեւ վնասված է աչքի հետին մասի՝ ցանցաթաղանթի, հյուսվածքի լուսընկալիչ շերտը:

Ըստ դոկտոր Դարիուս Մոշֆեյի՝ ճիշտ կողմնորոշվելու համար, թե որ նորածիններն աչքի զննության կարիք ունեն, հաջորդ քայլն այս խնդրի բուն պատճառը պարզելը պետք է լինի. արդյոք սա Զիկայի՞, թե՞ միկրոցեֆալիայի հետևանք է:

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի նախ քննության առնել միկրոցեֆալիայով երեխաներին»,- ասել է նա, — «սակայն եթե պարզվի, որ աչքի այս խնդիրների պատճառը Զիկան է, ապա մենք պետք է հետազոտենք բոլոր այն նորածիններին, որոնց մայրերը վարակված են եղել այս վիրուսով»:

Նա ասել է, որ աչքի որոշ խնդիրներ գուցե բուժվեն, սակայն մյուսները կարող են տևական կամ անդառնալի վնաս պատճառել տեսողությանը:

Քանի որ չկա պատվաստանյութ կամ բուժում, հղի կանանց խորհուրդ է տրվել փակ հագնվել՝ պաշտպանվելու Զիկա վիրուսը տարածող մոծակների խայթոցներից:

*

*