Երուսաղեմի հոգեւոր պետերը միասնական նամակ են հղել Թրամփին

«ԱՄՆ նախագահին կոչ ենք արել վերանայել իր հայտարարությունը»,- ասել է Հայոց պատրիարքարանի դիվանապետը։
yerusaghem

Մեդիամաքս- Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն այսօր Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ Երուսաղեմի հոգեւոր բոլոր պետերը միասնական նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մտահոգություն հայտնելով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ նրա հայտարարության առնչությամբ։

«Կարծում ենք, որ այդ հայտարարությանը կարող են հետեւել բախումներ, նոր բռնություններ, եւ եղած տառապանքը կավելանա։ ԱՄՆ նախագահին կոչ ենք արել վերանայել իր հայտարարությունը»,- ասել է Հայոց պատրիարքարանի  դիվանապետը։

Նրա խոսքով՝ հայտարարությունից հետո հնարավոր ամեն տեսակի լարվածություն անմիջական ազդեցություն կարող է ունենալ տեղի հայերի եւ Հայոց պատրիարքարանի վրա։

«Մամուլից տեղեկացանք, որ Պաղեստինում արդեն իսկ բողոքի ակցիաներ են իրականացվում։ Մենք ցանկանում ենք, որ կողմերը կարողանան բանակցությունների միջոցով խնդիրը լուծել»,- ասել է նա։

*

*