Ոսկե գլոբուսը կհիշվի նաեւ շնորհիվ իր քաղաքական ենթատեքստի

Կայացել է Ոսկե գլոբուս կինոմրցանակաբաշխության արարողությունը:
Օսկարին շքեղությամբ զիջող, բայց` ոչ պակաս առժեքավոր: Կալիֆորնիայի «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է Ոսկե գլոբուս կինոմրցանակաբաշխության արարողությունը: Այն թվով 74-րդն էր: Այս տարի «Լուսնի լույսն» է նաեւ տիտղոս եւ մրցանակ բերողը եղել այդ հարթակում: Այդ անվանումը կրող ֆիլմը հաղթել է Լավագույն դրամա անվանակարգում: Այդ ֆիլմին մրցանակների թվով գերազանցել է «Լա Լա Լենդ» կինո-ժապավենը, որը լավագույնն է ճանաչվել կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ անվանակարգում:
 
«Էական չէ՝ մենք որտեղ ենք աշխատում, եւ էական չէ, որ հենց Միացյալ Նահանգներում են ուշադրություն դարձնում մեր աշխատանքներին: Դա, իհարկե, շատ լավ է: Սակայն մեր գործն է միայն շարունակել լավ ֆիլմեր արտադրել»,- նշեց դերասան Գաել Գարսիա Բերնարը:
 
«Մենք պետք է շարունակենք պատմություններ ներկայացնել տարբեր մարդկանց մասին, ովքեր պայքարում են տարբեր կերպ: Կարծում եմ, որ հենց այդ բազմազանությունը պետք է գնահատվի»,- ընդգծեց դերասան Թոմ Հիդդլեսթոնը:
 
Ֆիլմ, որը պատմում է աղքատ ընտանիքից սերված երիտասարդ աֆրոամերիկացու կյանքի մասին: Երեք մասից բաղկացած «Լուսնի լույսը» կինոնկարը ճանաչվել է լավագույն դրամատիկական ֆիլմ: 
 
«Ես կարծում եմ՝ մեր ֆիլմը հուզել է մարդկանց, քանի որ այստեղ մենք ներկայացնում ենք մեր պատմությունը: Մեր նպատակն է՝ ասել ճշմարտությունը եւ մարդիկ դա գնահատում են»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Բարրի Ջենքինսը:
Ջազային դաշնակահարի եւ երիտասարդ դերասանուհու սիրո պատմությունը ներկայացնող Լա լա Լենդ ֆիլմը ճանաչվել է լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ: Ոսկե Գլոբուսի անվանակարգերի թվով այս տարվա առաջատարն է: Մրցանակներ են շնորհվել ֆիլմի ռեժիսոր՝ Դեմյեն Շազելին եւ դերասանուհի Էմմա Սթոունին: Մյուզիքլի երաժշտության համար Ոսկե Գլոբուս է ստացել Ջասթին Գուրվիչը: Կանադացի դերասան Ռայան Գոսլինգն էլ ոսկե գլոբուս է ստացել «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում:
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ»-ը Պոլ Վերհովենի « Նա» թրիլերն է: Այն պատմում է հոգեկան ծանր ապրումներ ունեցող փարիզուհու կյանքի մասին:
 
Տարվա կարեւորագույն մշակութային միջոցառումներից մեկը դեռ երկար կհիշվի նաեւ շնորհիվ իր քաղաքական ենթատեքստի: Երկրի նախագահին քննադատող ելույթները լայն քննարկումների առիթ են դարձել: 
 
«Մի արարք ապշեցրել է ինձ: Դա այն պահն Էր, երբ մեր երկրում ամենահարգելի պաշտոնին հավակնող մարդը նմանակեց սահմանափակ հնարավորություններով լրագրողին: Դա կոտրեց սիրտս, քանի որ դա ֆիլմ չէր՝ իրականություն էր»,- ընդգծել է դերասանուհի Մերիլ Սթրիփը:
Դոնալդ Թրամփը հասցրել է արձագանքել օսկարի եռակի դափնեկիր Մերիլ Սթրիփի ելույթին՝ վերջինին մեղադրելով կանխակալության մեջ:

*

*