Ավելի քան 25 միլիոն երեխա դպրոց չի հաճախում

ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրվել է երեխաների կրթության համար անհրաժեշտ ֆինանսավորման ընդամենը 12%-ը։
UNICEF_Yemen2

Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հուլիսի 7-ին հայտարարել է, որ անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը:

Արտակարգ իրավիճակներում գտնվող երկրներում կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ 932 միլիոն դոլարից ՅՈՒՆԻՍԵֆ-ը մինչ այժմ ստացել է 115 միլիոն դոլարից պակաս արձանագրված կամավորական հանգանակություն: Տվյալ ֆինանսավորումը նպատակ ունի մարդասիրական ճգնաժամերից տուժած 9.2 միլիոն երեխաների համար հասանելի դարձնել ֆորմալ և ոչ ֆորմալ միջնակարգ կրթությունը:

«Կրթություն չստանալով՝ երեխաները մեծանում են առանց իրենց երկրների և տնտեսությունների խաղաղության և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների`վատթարացնելով միլիոնավոր երեխաների՝ արդեն իսկ հուսահատ վիճակը», — նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր և ամենաերիտասարդ բարի կամքի դեսպան Մազուն Ալմելեհանին (Muzoon Almellehan), ով Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Պատերազմների գոտիներում մեծացող միլիոնավոր երեխաների համար սպառնալիքներն է’լ ավելի վհատեցնող են. դպրոց չհաճախելը երեխաներին սպառնում է վաղ ամուսնությամբ, աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավմամբ և զորակոչմամբ»:

Աշխարհի ամենաթեժ պատերազմական գոտիների համար նախատեսված կրթական ծրագրերում ֆինանսավորման բացերը կազմում են՝ Իրաքում՝ 36 տոկոս, Սիրիայում՝ 64, Եմենում` 74 և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում` 78 տոկոս:

Կրթություն ստանալու ձգտումը ընտանիքիների և երեխաների՝ իրենց բնակավայրերից հեռանալու հիմնական դրդապատճառներից է, ինչը հաճախ վտանգում է նրանց կյանքը: Իտալիայում փախստական և միգրանտ երեխաների շրջանում անցկացված հարցման համաձայն, երեխաների 38 տոկոսին Եվրոպա մղող հիմնական գործոնը կրթության ստանալու հնարավորությունն է: Ըստ Հունաստանում անցկացված նմանատիպ հարցման՝ երեք ծնողներից կամ խնամակալներից մեկը նշում էր, որ իրենց Եվրոպա ուղևորվելու հիմնական դրդապատճառը երեխաների կրթությունն էր:

Կարևոր է իմանալ՝

  1. Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության, հակամարտության մեջ գտնվող 22 երկրներում 6-15 տարեկան ավելի քան 25 միլիոն երեխա, կամ տվյալ տարիքային խմբի երեխաների 22 տոկոսը դպրոց չի  հաճախում:
  2. Ողջ աշխարհում 50 միլիոն երեխա տեղահանվել է, որից 28 միլիոնը լքել է իրենց տները հակամարտությունների պատճառով: Միլիոնավոր այլ երեխաներ արտագաղթի ճամփան են բռնում ավելի լավ ու ապահով կյանքի փնտրտուքով:
  3. Փախստական երեխաներն ու դեռահասները հինգ անգամ ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն, քան իրենց ոչ փախստական հասակակիցները:
  4. Փախստականի կարգավիճակում ապրող երեխաների միայն կեսն է տարրական դպրոց հաճախում և քառորդից էլ քիչ՝ միջին դպրոց:
  5. Կրթական հնարավորությունների պակասը մասնավորապես մեծ է արտագաղթի ճանապարհին գտնվող երեխաների շրջանում. աշխարհի փախստական երեխաների գրեթե կեսը հնարավորություն չունի կրթություն ստանալ։
  6. 2016թ.-ին համաշխարհային մարդասիրական օգնության միայն 6 տոկոսն է ծախսվել կրթության վրա: Տարեկան 8.5 միլիարդ դոլար է հարկավոր այս բացը լրացնելու համար: Առկա միջոցները սովորաբար կարճաժամկետ են և անկանխատեսելի՝  զգալի կերպով խոչընդոտելով երեխաների կրթությանը:
  7. 2016թ.-ի մայիսին Մարդասիրական համաշխարհային գագաթաժողովի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և կազմակերպության գործընկերները ստեղծեցին «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում կրթական աջակցություն տրամադրել դրա կարիքն ունեցող 6 միլիոն երեխաների, իսկ մինչև 2030թ.-ը՝ 75 միլիոն երեխաների:
  8. Ընդհանուր առմամբ 2016թ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթական աջակցություն է ցուցաբերել մարդասիրական աղետի գոտիներում բնակվող 7 միլիոն երեխաների:

UNICEF_Yemen

 

*

*