Այսօր Ուկրաինայում լռության օր է

9-րդ գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատ ստանալու համար պայքարում է ավելի քան 5000 թեկնածու
ukraina

Այսօր` Գերագույն Ռադայի ընտրություններից մեկ օր առաջ, Ուկրաինայում լռության օր է հայտարարվել: 9-րդ գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատ ստանալու համար պայքարում է ավելի քան 5000 թեկնածու 22 կուսակցությունից:

«Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցման համաձայն՝ ժողովրդի աջակցությունն ամենաշատը վայելում է նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: Քաղաքական ուժին պատրաստ է կողմ քվեարկել ուկրաինացիների 49,5 տոկոսը:

Անցումային շեմը կարող են հաղթահարել նաեւ Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի», Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» եւ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունները:

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հանել է իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը խորհրդարանի ընտրություններից եւ իր աջակիցներին հորդորել է քվեարկել նախագահ Զելենսկու կուսակցության օգտին:

Հիշեցնենք, որ Գերագույն Ռադայի ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերին, սակայն նախագահ ընտրվելուց հետո Զելենսկին Ռադայի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հրամանագիր է ստորագրել եւ արտահերթ ընտրությունները հուլիսի 21-ին նշանակել:

*

*