Ուկրաինայի նախագահին նոր մարտահրավեր է սպասվում

Կիեւին կփորձեն ստիպել իր համաձայնությունը տալ Ռուսաստանի այնպիսի պահանջներին, ինչպիսիք են Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելը
leonid-kuchma

«Նորմանդական քառյակի» սպասվելիք գագաթաժողովում Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները պատրաստվում են ճնշումներ գործադրել Ուկրաինայի նախագահի վրա, որպեսզի վերջինս զիջումներ անի Մոսկվային: Associated Press-ին տված հարցազրույցում նման մտավախություն է հայտնել Ուկրաինայի արեւելքում իրավիճակը կարգավորելու համար ստեղծված կոնտակտային խմբի ղեկավար, 1994-2005 թթ. Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: Նա շատ քիչ հույս ունի, որ գագաթաժողովը որեւէ դրական արդյունք կտա:

Կուչմայի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկու համար հեշտ չի լինի միայնակ պայքարել երեքի դեմ: Իսկ Կիեւին կփորձեն ստիպել իր համաձայնությունը տալ Ռուսաստանի այնպիսի պահանջներին, ինչպիսիք են Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելը: Բացի այդ, Փարիզն ու Բեռլինը, Կուչմայի պատկերացմամբ, ուզում են, որ Զելենսկին համաձայնի Դոնբասում տեղական ընտրությունների անցկացմանն առանց Կիեւի կողմից այդ տարածքում հատուկ հսկողություն սահմանելու: Մինչդեռ Ուկրաինայի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ Դոնբասում ընտրությունները պետք է կազմակերպվեն Ուկրաինայի օրենքների համաձայն եւ կանցկացվեն միայն այն դեպքում, եթե շփման ողջ երկայնքով ուկրաինական զորքեր տեղակայվեն:

*

*