Տյումեն-Խանտի-Մանսիյսկ մայրուղում խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 11 երեխա

ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվությամբ՝ 23 հոսպիտալացվածներից 20-ը երեխաներ են:
tyumen-vtar

Խանտի-Մանսիյսկի Ինքնավար Օկրուգում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 11-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Տյումեն – Խանտի-Մանսիյսկ մայրուղում բախվել են ավտոբուսը, բեռնատարը և երկու մարդատար ավտոմեքենա: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է մանկական թիմ, որը Խանտի-Մանսիյսկում սպորտային ակրոբատիկայի մրցումներից վերադառնում էր Նեֆտեյուգանսկ:

ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվությամբ՝ 23 հոսպիտալացվածներից 20-ը երեխաներ են:

«Տասը մարդ, այդ թվում ինը երեխա, զոհվել է տեղում, երկու երեխաներ մահացել են տեղափոխման ընթացքում և բժշկական հիմնարկությունում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

22 մարդ, այդ թվում 16 երեխաներ, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են Խանտի Մանսիյսկի օկրուգային կլինիկական հիվանդանոցում:

 

*

*