Թուրքիան «խաղաղություն է հաստատում» արյունով

Թուրքիայի զինված ուժերն արդեն հրետանային եւ ավիացիոն հարվածներ են հասցրել թուրք-սիրիական սահմանագլխի մի շարք բնակավայրերի:

Թնդանոթները լռում են, երբ աշխատում է դիվանագիտությունը: Սիրիայի դեպքում միջազգային դիվանագիտությունը նորից չգործեց: Թուրքիան իր հարեւան պետության սահմանամերձ տարածքներում երկար ծրագրված ռազմական գործողություն է իրականացնում, անունն էլ «Խաղաղության ակունք» է դրել:

Սիրիական հակամարտության մեջ մշտապես դերակատարում ունեցած Անկարայի նախաձեռնած գործողությանը մասնակցում է նաեւ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարող «Սիրիայի ազգային բանակ» զինյալ խմբավորումը: Ցամաքային եւ օդային հարձակման նպատակը, այսպես ասած, «անվտանգության գոտու» ստեղծումն է: Անկարան պատճառաբանում է, թե ընդամենը ուզում է վերացնել հարավային սահմանի ահաբեկչական միջանցքը, մաքրել Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններն ահաբեկիչներից։

Ահաբեկիչ է դիտարկվում նաեւ քրդաբնակ շրջանների անկախացմանը ձգտող քրդական խմբավորումները: Գործողության արդյունքում, Անկարայի պնդմամբ՝ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, սիրիացի փախստականներն էլ կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք: Թուրքիայի զինված ուժերն արդեն հրետանային եւ ավիացիոն հարվածներ են հասցրել թուրք-սիրիական սահմանագլխի մի շարք բնակավայրերի: Զգալի վնասներ են կրել Թել Աբյադ, Հասաքա եւ հայաբնակ Քամիշլի քաղաքները: Ու թեեւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հաջողությամբ են իրականացնում ահաբեկիչներին եւ քրդական ուժերին ոչնչացնելու գործողությունը, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ նաեւ քաղաքացիական անձանց շրջանում: Չնայած  պատերազմական իրավիճակին՝ Քամիշլիում մարդիկ ցույցի են դուրս եկել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անահիտ Իվանյան

*

*