CNN-ի լրագրողը բարկացրել է Թրամփին եւ զրկվել Սպիտակ տան մշտական անցագրից

Միացյալ Նահանգներում եւս հակաժողովրդավարական միջադեպեր են երբեմն գրանցվում:
cnn-lragrogh

Ժողովրդավարական արժեքներ քարոզող Միացյալ Նահանգներում հակաժողովրդավարական միջադեպեր են երբեմն գրանցվում: Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի եւ CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Ակոստայի միջեւ տեղի ունեցած միջադեպը: Լրագրողը մի քանի հարցեր է տվել «ներգաղթյալների քարավանի», նաեւ 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության մասին:

Դոնալդ Թրամփին հունից հանել են իր պատասխանի վերաբերյալ լրագրողի արած մեկնաբանություններն ու չդադարող հարցերը: Թրամփը պահանջել է լրագրողից նստել իր տեղում եւ վերադարձնել բարձրախոսը: Լեզվակռվին փորձել է միջամտել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ու մի քանի փորձից հետո լրագրողի ձեռքից խլել է բարձրախոսը: Թրամփն այսքանով չի սահմանափակվել, ու ամբիոնից վիրավորել է Ակոստային՝ նրան «ահավոր եւ կոպիտ մարդ» անվանելով: Նախագահը նաեւ ասել է, թե CNN-ը պետք է ամաչի այսպիսի աշխատակից ունենալու համար:

CNN-ի թղթակիցը ժամանակավորապես զրկվել է Սպիտակ տան մշտական անցագրից, որը թույլ է տալիս մասնակցել եւ լուսաբանել միջոցառումները: Սպիտակ տնից պարզաբանել են, թե զրկել են անցագրից, քանի որ լրագրողը ձեռքով դիպչել է երիտասարդ կին քարտուղարին:

*

*