ԱՄՆ նորընտիր նախագահն առավելություն է համարել Պուտինին դուր գալը

Թրամփին տրվող հիմնական հարցերը վերաբերում էին ՌԴ-ին. հաքերային հարձակումներից մինչեւ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ:

Նախագահական ընտրություններից 2 ամիս անց ու երդմնակալության արարողությունից ինն օր առաջ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնական ասուլիսն է անցկացրել: 1 ժամվա ընթացքում Սպիտակ տան ապագա տերը հասցրել է խիստ քննադատել որոշ լրատվամիջոցների, խոսել իր բիզնեսի ապագայի ու նախագահի լիազորությունները ստաձնելուց հետո իր ծրագրերի մասին: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, Թրամփին տրվող հիմնական հարցերը վերաբերում էին Ռուսաստանին. հաքերային հարձակումներից մինչեւ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ:

Հանրապետական Թրամփն առաջին անգամ բարձրաձայնել է՝ կարծում է, որ Ռուսաստանն է պատասխանատու նախընտրական քարոզարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցի վրա կիբերհարձակումների համար: Ավելի վաղ, նորընտիր նախագահն «Կարծում եմ պատասխանատուն Ռուսաստանն է: Բայց, միեւնույն ժամանակ, գտնում եմ, որ Ռուսաստանը միակ երկիրը չէ, որը հաքերային հարձակումներ է գործում մեզ վրա: Երբ վերջերս կորցրեցինք 22 միլիոն անձնական տվյալ, մեծ աղմուկ չեղավ: Այդ կիբերհարձակման հետեւում հավանաբար Չինաստանն էր կանգնած»,- ասաց Թրամփը:

Թրամփի համոզմամբ, ռուսների հաքերային նման հարձակումներն այլեւս չեն կրկնվի:

«Պուտինը չպետք է այդպիսի բան աներ: Նա այլեւս նման քայլի չի գնա: Իմ ղեկավարման ընթացքում Ռուսաստանը շատ ավելի կհարգի մեր երկիրը, քան դա եղել է նախորդ նախագահների կառավարման ժամանակ: Բացի Ռուսաստանից, Չինաստանը, Ճապոնիան, Մեքսիկան, բոլոր երկրներն ավելի հարգալից կվերաբերվեն մեզ»,- համոզված է ԱՄՆ նորընտիր նախագահը:

Նորընտիր նախագահը հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, թեեւ չի բացառում` դա իրեն կարող է եւ չհաջողվել:

«Եթե չբարելավեմ մեր հարաբերությունները, անկեղծորեն ասեք, ի՞նչ եք կարծում` արդյո՞ք Հիլարին ինձնից ավելի կոշտ էր վերաբերվելու Պուտինին: Կա՞ արդյոք այս սենյակում մեկը, որ հավատում է դրան»:

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի խոսքով՝ եթե ինքը դուր է գալիս Պուտինին, դա առավելություն է, քանի որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայում սարսափելի վատ վիճակում են: Ավելին, Ռուսաստանը կարող է օգնել Ամերիկային «Իսլամական պետության» դեմ պայքարում:

BuzzFeed կայքի հրապարակած տեղեկությունները, թե Ռուսաստանը Թրամփի մասին վարկաբեկող նյութեր ունի` շանտաժի ենթարկելու համար, նորընտիր նախագահը ստահոդ ու կեղծ է որակել:

Քննադատության թիրախում է հայտնվել նաեւ CNN հեռուստաընկերությունը՝ առանց փաստերի այդ հոդվածները հրապարակելու համար: Մանհեթենում գտնվող 58 հարկանի «Թրամփ Թաուեր» երկնաքերում հավաքվածների թվում էր նաեւ հենց CNN-ի լրագրողը, որին Թրամփը անգամ թույլ չտվեց հարց տալ:

«Ես քեզ թույլ չեմ տա հարց հնչեցնել: Դուք կեղծ լուրեր եք հրապարակում»,- ասաց Թրամփը:

Միլիարդատեր Թրամփը, շահերի բախումից խուսափելու համար, իր բիզնեսի կառավարումը հանձնելու է երկու որդիներին ու դա կանի մինչ հունվարի 20-ը՝ իր երդմնակալության արարողությունը:

 

Հեղինակ՝

Մարինե Մելիքսեթյան

*

*