Թրամփը մեղադրել է Ասադի կառավարությանը «կարմիր գիծ»-ը հատելու համար

Խան Շեյխուն քաղաքում տեղի ունեցածը Թրամփը որակել է անարգանք մարդկության հանդեպ:
tramp

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը՝ ասելով, որ Իդլիբ նահանգում թունավոր գազով հարձակում իրականացնելով, հատել է «կարմիր գիծ»ը:

Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում տեղի ունեցածը Թրամփը որակել է անարգանք մարդկության հանդեպ: Միացյալ Նահանգների նախագահը հավելել է նաեւ, որ իր վերաբերմունքը Սիրիայի ու Ասադի նկատմամբ փոխվել է: Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը նոր քաղաքականություն ձեւավորում է Սիրիայի նկատմամբ, Թրամփն ասել է՝ կտեսնեք:

Իդլիբում տեղի ունեցածի մասին խոսելիս Թրամփն Ասադի դաշնակից Ռուսաստանին չի մատնանշել: Մինչդեռ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ մեղադրել է Մոսկվային՝ Դամասկոսի արարքները կոծկելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սիրիական օդուժն ապրիլի 4-ին հարվածներ է հասցրել Խան Շեյխուն քաղաքում գտնվող ահաբեկիչների զինամթերքի պահեստի ուղղությամբ, որտեղ քիմիական զենքի զինանոցներ էին: Պաշտոնական Դամասկոսն, իր հերթին, հերքել է քիմիական զենք կիրառելու մեղադրանքները:

Երեքշաբթի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառման հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Կան նաեւ բազմաթիվ վիրավորներ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները