Թրամփն աշխատանքից հեռացրել է Ջոն Բոլթոնին

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի անունը:
tramp-bolton

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Երեկ երեկոյան ես Ջոն Բոլթոնին հայտնել եմ, որ իր ծառայությունները Սպիտակ տանն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չեմ նրա մի շարք առաջարկների հետ: Այդ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի անունը:

Ջոն Բոլթոնի հրաժարականը հատկանշական է նաեւ Հայաստանի համար։ 2018-ի իշխանափոխությունից հետո Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան հարցականներով լեցուն էր։ Եղել են բազում հրապարակումներ, որ նա կոշտ պահանջներով է ժամանել Հայաստանի նոր իշխանությունների հետ բանակցությունների։ Հարցերը տարածաշրջանային էին՝ Իրանի դեմ զանգվածային շրջափակմանը մասնակցություն, Սիրիա ռուսական կողմի հետ մարդասիրական միավորում ուղարկելու ծրագրից հրաժարում։ Արդյունքում՝ Բոլթոնը Հայաստանից վերադարձել էր Վաշինգտոն` ակնկալվող վերջնական խոստում չստանալով, ինչն էլ, ըստ փորձագետների, ազդել էր միջպետական հարաբերությունների վրա։

*

*