23 ռուս դիվանագետներ կարտաքսվեն Բրիտանիայից

Լավրովի պատասխանը չի գոհացրել Թերեզա Մեյին։
tereza-mey

Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, տեղեկացնում է BBC-ն:

Այս որոշումն ընդունվել է, քանի որ Մոսկվան չի պատասխանել Մեյի պահանջին՝ 24 ժամվա ընթացքում Լոնդոնին բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում մշակված թունավոր նյութը հայտնվել Բրիտանիայում:

Մեյը նաեւ նշել է, որ Լոնդոնի շահերից չի բխում Մոսկվայի հետ կապերն ամբողջովին խզելը, բայց եւ  երկու երկրների հարաբերությունները չեն կարող նախկինը մնալ։

Մարտի 14-ի առավոտյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին պատասխան տալ Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

Նախարարը նաեւ նշել է, որ Լոնդոնը ստիպված կլինի պատասխան տալ «միջազգային հանրակցությանը մոլորության մեջ գցելու փորձի համար»: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի կարգի դրդապատճառներ չի ունեցել մահափորձ կատարելու Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետի դեմ, եւ դա շահավետ է նրանց, ովքեր ցանկանում են «շարունակել ռուսատյացության արշավը»:

Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի պատճառով Մեծ Բրիտանիան պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այն, ինչպես հայտնել են բրիտանական մշտական ներկայացուցչությունում, կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին:

*

*