Թերեզա Մեյը կշարունակի պատգամավորներին համոզել կողմ քվեարկել

Brexit-ի շուրջ քննարկումները Բրիտանիայում ավելի են թեժանում:
tereza-mey

Brexit-ի շուրջ քննարկումները Բրիտանիայում ավելի են թեժանում: Մի քանի ժամ կառավարության անդամների հետ բանակցություններից հետո վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում ելույթով է հանդես եկել: Մեյը նշել է, որ կշարունակի պատգամավորներին համոզել կողմ քվեարկել «Բրեքզիթի» համաձայնագրի շուրջ՝ մինչեւ խորհրդարանում 3-րդ անգամ այն քվեարկության դնելը, թեեւ այս պահին գիտակցում է, որ փաստաթուղթը բավարար աջակցության չի արժանանա:

Հիշեցնենք, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրին բրիտանացի պատգամավորներն արդեն 2 անգամ դեմ են քվեարկել: Այժմ պատգամավորները քննարկում են հետագա քայլերը: Մինչ այդ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ավարտել է նախապատրաստությունը՝ ապրիլի 12-ին առանց համաձայնագրի Բրիտանիայի հնարավոր դուրս գալուն:

«Առանց գործարքի սցենարի Եվրամիության առաջնային եւ երկրորդային բոլոր օրենքները կդադարեն կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ, ինչը, ակնհայտորեն, զգալի խախտումների կհանգեցնի կողմերի, քաղաքացիների եւ բիզնեսի համար»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրամիությունը երկարաձգել է Brexit-ի օրը: Բրիտանիան կլքի միությունն ապրիլի 12-ին, եթե խորհրդարանը հավանության չարժանացնի համաձայնագիրը, հակառակ դեպքում՝ մայիսի 22-ին:

*

*