Սկանդալ Հարավային Կորեայի նախագահի շուրջ

Սկանդալը քաղաքական ճգնաժամի է վերածվել: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը:
paq-qyn-hn

Հարավային Կորեայի նախագահ Փաք Կըն Հեն հրապարակավ ներողություն է խնդրել ընկերուհու հետ կապված սկանդալի համար: Հեռուստաուղերձում նախագահը քաղաքացիներին վստահեցրել է, որ պատրաստ է պատասխանել քննիչների բոլոր հարցերին, անգամ թույլ կտա հետաքննություն անցկացնել՝ սկանդալում նրա ունեցած դերակատարության շուրջ:

Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունը նախագահի, այսպես ասած, «զգացմունքային ելույթը» կեղծ է որակել: Հայտնի է դարձել, որ նախագահի մտերիմ ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, որը որեւէ առնչություն չունի պետական ծառայության հետ, մասնակցել է երկրի կառավարմանը, մուտք է ունեցել գաղտնի փաստաթղթեր, կապ ունի շահույթ չհետապնդող կազմակերպությունների ֆինանսավորման մեքենայությունների հետ: Չհվե Սուն Սիլը նաեւ կրոնական կազմակերպություններից մեկի հիմնադրի դուստրն է, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:

Հարավային Կորեայի նախագահին նաեւ մեղադրել են այդ կազմակերպությանը հարելու մեջ, թեեւ նախագահը հերքել է այդ լուրը: Նրա ընկերուհուն բերման են ենթարկել: Սկանդալը քաղաքական ճգնաժամի է վերածվել: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Քաղաքական ճգնաժամի ֆոնին Փաք Կըն Հեն կադրային լուրջ փոփոխություններ է կատարել՝ փոխելով վարչապետին, ֆինանսների նախարարին, իր աշխատակազմի ղեկավարին:

*

*