Սիրիան քրդերին առաջարկել է միասին պայքարել թուրք զավթիչների դեմ

«Քրդերն առայժմ պատրաստ չեն միանալ սիրիական բանակին, և նրանք մտադիր են զենքն իրենց մոտ պահել տվյալ տարածաշրջաններում». Ասադ
bashar-asad

Սիրիայի իշխանությունները քրդերին առաջարկում են միասին պայքարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ և պատրաստ են քրդական ջոկատների մարտիկներին ընդունել կառավարական բանակի շարքերը, բայց քրդերը դեռևս հրաժարվում են. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հիշեցրել է, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև հուշագրի կնքումից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է քրդական ջոկատների մարտիկներին ընդունել սիրիական բանակի շարքերը:

«Սակայն պատասխանը, որը, ինչպես հարկ է հասկանալ, պաշտոնական էր, սա է՝ քրդերն առայժմ պատրաստ չեն միանալ սիրիական բանակին, և նրանք մտադիր են զենքն իրենց մոտ պահել տվյալ տարածաշրջաններում»,- նշել է Ասադն ու հավելել. «Սիրիայի և Ռուսաստանի համագործակցության շրջանակներում մենք այժմ աշխատում ենք համոզել քրդական ջոկատներին, որ սիրիական բանակին միանալը և պայքարը թուրք զավթիչների դեմ վստահելի ու ճիշտ դիրքորոշում է այն տարածքները վերադարձնելու համար, որոնք Սիրիայի հյուսիսում կորցրել ենք այդ տարրերի գործողությունների պատճառով»:

Սիրիայի նախագահը շեշտել է նաև, որ անհրաժեշտ է հետևել իրադարձությունների զարգացմանն առաջիկա շաբաթների ընթացքում:

*

*