«Ժամանակն է եկել վերջ տալու այս դժոխքին». ՄԱԿ գլխավոր քարտուղար

Միջազգային կառույցները կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում
arevelyan-guta2 (2)

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Սիրիայում, մասնավորապես՝ Արևելյան Գուտայում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից շաբաթ օրը ընդունված թիվ 2401 բանաձևի համաձայն:

«Կոչ եմ անում անհապաղ կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևի պահանջները, որը անմիջապես պետք է ապահովի հումանիտար օգնության անվտանգ ու անխոչընդոտ մատակարարումն ու վիրավորների տարհանումը: Մասնավորապես՝ Արևելյան Գուտայում այլևս չի կարող սպասել: Ժամանակն է եկել վերջ տալու այս դժոխքին»,- հայտարարել է Գուտերեշը:

Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսմամբ անհանգստացած է նաև Եվրամիությունը՝ վերահաստատելով, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պետք է երաշխավորեն ապառազմականացումը: «Մենք խիստ անհանգստացած ենք ամբողջ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացմամբ, առաջին հերթին՝ իշխող ռեժիմի ու ընդդիմադիր ուժերի միջև: Աստանայի գործընթացի երեք երաշխավորները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, առանձնահատուկ պատասխանատվություն են կրում ապառազմականացման, և ոչ թե էսկալացման գործընթացի համար»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Այս առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գլխավոր կոմիսարը՝ պնդելով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի իրականացման անհրաժեշտությունը:

 

 

 

*

*