Սիրիայում հրադադարը պահպանվում է. առաջին 15 ժամվա ընթացքում զոհեր չեն եղել

Ջոն Քերին հորդորել է բոլոր կողմերին պահպանել հրադադարը՝ նշելով, թե հնարավոր է, որ սա վերջին հնարավորությունն է՝ Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու համար:
siria-hradadar

Սիրիայում նախօրեին երեկոյան հաստատված հրադադարը դեռեւս պահպանվում է: Մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտնում է, որ առաջին 15 ժամվա ընթացքում զոհեր չեն եղել:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է բոլոր կողմերին պահպանել հրադադարը՝ նշելով, թե հնարավոր է, որ սա վերջին հնարավորությունն է՝ Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու համար:

Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ է մտել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը, որոնք համաձայնեցվել են նախորդ շաբաթ Ժնեւում անցկացված բանակցությունների արդյունքում: Սիրիայի կառավարական բանակը հայտնել է, որ հրադադարը կպահպանվի 7 օր Սիրիայի ամբողջ տարածքում՝ հավելելով, որ իրավունք ունի պատասխանել զինված խմբավորումների ցանկացած խախտումներին: Եթե հրադադարը 7 օր պահպանվի, կստեղծվի ռուս-ամերիկյան համատեղ կենտրոն, որի շրջանակում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականները կհամակարգեն ավիահարվածները ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ համաձայնեցված շրջաններում, որտեղ եւ կդադարեցվեն սիրական օդուժի գործողությունները:

*

*