Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարը

Հրադադարից կարճ ժամանակ անց էլ կրակոցների եւ պայթյունների ձայներ են լսվել Հալեպի հյուսիսում եւ Հոմսում:
siria

Սիրիայում ուժի մեջ է մտել կառավարական բանակի եւ ընդդիմադիր զինված ուժերի միջեւ ռազմական գործողությունները ժամանակավորապես դադրեցնելու մասին համաձայնությունը:

Այն ձեռք էր բերվել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից, հաստատվել փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով կեսգիշերին: Կտեւի 2 շաբաթ:

Իսկ հրադադարի հաստատումից ժամ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցող բանաձեւը: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համատեղ պատրաստած այդ փաստաթուղթը ստացել է Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների աջակցությունը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, բանաձեւում նշված է, որ Սիրիայի կառավարական բանակը եւ ընդդիմության զինված խմբավորումները տեղեկացրել են Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, որ ընդունում են հրադադարի բոլոր պայմանները:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ մտադիր է Ժնեւում միջսիրիական բանակցությունները վերսկսել մարտի 7-ին: Նա նաեւ տեղեկացրել է, որ շարունակում են մարդասիրական օգնություն հասցնել սիրիացիներին:

Ամեն դեպքում, թեեւ հրադադարը հաստատվել է, դրանից շատ կարճ ժամանակ անց կրակոցների եւ պայթյունների ձայներ են լսվել Հալեպի հյուսիսում եւ Հոմսում: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, Համայի Սալամիա քաղաքում էլ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել, ինչի հետեւանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավոր է:

Ի դեպ, հրադադարը չի վերաբերում Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին եւ նրանց դեմ պայքարը շարունակվելու է:

*

*