Սիրիական բանակը գրավել է Բոսթան Քասըր թաղամասը

ՄԱԿ-ի տվյալներով քաղաքի այդ շրջաններում մինչ այս մարտերը շուրջ 250 հազար մարդ էր բնակվում:
halep-bustan-qasr

Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել՝ ազատագրելով Հալեպի արեւելյան թաղամասերը: Ռուասաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, սիրիական կառավարական բանակը վերջին տարիներին իսլամիստ զինյալների վերահսկողության տակ գտնվող այդ շրջանների կեսն արդեն ազատագրել է: Սիրիայում մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը հայտնում է, որ Բոսթան Քասըր թաղամասում զինյալները վայր են դնում զենքերը՝ հազարավոր խաղաղ բնակիչների հետ արեւելյան այդ թաղամասերը լքելու համար:

Սիրիայի ռազմական աղբյուրները նշում են, որ փախուստի դիմածներին տեղափոխում են անվտանգ շրջաններ:

Մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական Սթիվեն օ՛Բրայենը: Նրա խոսքով, Հալեպի արեւելյան թաղամասերում վերջին օրերին տեղի ունեցող թեժ մարտերի հետեւանքով մոտ 16 հազար խաղաղ բնակիչ է տեղահանվել: Օ՛Բրայենը նշել է, որ եթե մարտերը չդադարեցվեն, դեռ հազարավոր մարդիկ էլ ստիպված կլինեն հեռանալ Հալեպի այդ թաղամասերից: ՄԱԿ-ի տվյալներով քաղաքի այդ շրջաններում մինչ այս մարտերը շուրջ 250 հազար մարդ էր բնակվում:

Բրիտանիայում հիմնված, Սիրիայում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի տվյալներով, անցած գիշեր ու այսօր առավոտյան սիրիական օդուժի ավիահարվածների հետեւանքով առնվազն 25 խաղաղ բնակիչ է զոհվել:

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է պաշտպանության նախարարին Հալեպ ուղարկել շարժական հիվանդանոցներ՝ քաղաքի բնակիչներին բժշկակական օգնություն ցուցաբերելու համար:

*

*