ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանին չեն ճանաչում Սիրիայի ընտրությունները

Կնոջ հետ քվեարկությանը մասնակցել է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
siria-yntrutyunner

Սիրիայում այսօր տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորական 250 մանդատի համար պայքարում էր 3500 թեկնածու: Ավելի քան 7000 ընտրատարածքներ էին բացվել կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ, քվեարկողների շրջանում մեծ ակտիվություն էր նկատվում: Իր կնոջ հետ քվեարկությանը մասնակցել է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նա թեկնածուների թիվն աննախադեպ է որակել՝ նշելով, որ կան ներկայացուցիչներ հասարակության բոլոր շերտերից: Ասադի պնդմամբ, ընտրությունների նպատակը երկրի Սահանադրությունը պաշտպանելն է:

Ի դեպ, սիրիական ընդդիմությունը բոյկոտել է այս ընտրությունները՝ դրանք անօրինական համարելով: Դեռ արդյունքները չհրապարակված, խորհրդարանական այս ընտրությունները չճանաչելու մասին է հայտարարել Միացյալ Նահանգները՝ ասելով, թե դրանք չեն արտացոլում սիրիացի ժողովրդի կամքը:

Ընտրությունները կեղծ են համարում նաեւ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան:

Սիրիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ: Դամասկոսի պնդմամբ, այսօրվա ընտրությունները որեւէ առնչություն չունեն Ժնեւում ընթացող միջսիրիական բանակցությունների հետ:

*

*