Սիրիայի կառավարական ուժերը մտել են Աֆրին

Ավտոշարասյան վրա հարձակում են գործել թուրքական անօդաչու սարքերը։
siriakan-afrin

Սիրիայի կառավարական ուժերը մտել են արդեն քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է սիրիական հեռուստատեսությունը, անգամ ուղիղ եթերում ցուցադրվել է սիրիական դրոշներով եւ զինված խմբերով մի քանի տասնյակ մեքենաների ընթացքը։

Միաժամանակ հաղորդվում է, որ ավտոշարասյան վրա հարձակում են գործել թուրքական անօդաչու սարքերը, կան տուժածներ։ Առայժմ հակասական է տեղեկատվությունը, թե արդյո՞ք սիրիական ուժերին հաջողվել է հասնել մինչեւ Աֆրին եւ միանալ քրդական ուժերին։

Հակառակ Դամասկոսի պնդումներին՝ թուրքական աղբյուրները հաղորդում են, որ օդային հարձակումից հետո Ասադի կողմնակիցները ստիպված նահանջել են։ Դեպքերը զարգանում են շատ արագ, եւ սպասվում է, որ կարճ ժամանակում այլեւս թուրքական բանակի եւ իսլամական զորամիավորումների դեմ քրդերի հետ միասին կռվելու են սիրիական ուժերը։

Հիշեցնենք, որ գրեթե պաշտոնապես հայտարարվում էր Սիրիայի եւ քրդերի միջեւ համաձայնության մասին, համաձայն որի, պաշտոնական Դամասկոսը լիակատար վերահսկողույթուն էր սահմանելու Աֆրինի տարածաշրջանի վրա, փոխարենը ապահովելով քրդերի անվտանգությունը թուրքական հարձակումներից։

Տեղեկացնենք, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ թուրքական բանակը շարունակելու է քրդերի դեմ ռազմական գործողությունները Սիրիայի Աֆրինի շրջանում, զգուշացրել անցանկալի հետեւանքների մասին, եթե սիրիական բանակը մտնի Աֆրին ու օգնի քրդերին:

*

*