Սահակաշվիլին կրկին ձերբակալվել է եւ անժամկետ հացադուլ է հայտարարել

Ամենայն հավանականությամբ՝ նրան տնային կալանք է սպառնում
saakasvili

Դեկտեմբերի 8-ին Կիեւում ձերբակալված Միխայիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ինչպես հաղորդում է BBC-ն՝ այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին։ Վերջինս նաեւ նշել է, որ եթե Սահակաշվիլիին 60 օրով կալանավորելու որոշում ընդունվի, իր պաշտպանյալը «անխնա կշարունակի հացադուլը»։

Փաստաբանը հրապարակել է մեկուսարանից ստացած երկտողը, որտեղ Սահակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է անում չվախենալ ոչնչից, կիրակի օրը մասնակցել «Հանուն իմփիչմենթի» խաղաղ ակցիային։ «Միասին պաշտպանենք Ուկրաինան կոռուպցիայից ու ամենաթողությունից»,-նշված է Վրաստանի նախկին նախագահի եւ Օդեսայի նախկին նահանգապետի երկտողում։

Հիշեցնենք, որ Սահակաշվիլիին ձերբակալել էին նաեւ դեկտեմբերի 5-ին, սակայն կողմնակիցները կարողացել էին ազատել նրան։

Եռօրյա ժամկետում դատարանը պետք է որոշի Սահակաշվիլիի պատժատեսակը։ Նախնական տեղեկություններով՝ քննարկվում է Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված նախկին նահանգապետին տնային կալանքի ենթարկելու ու տեղորոշիչ էլեկտրական թեւնոց պարտադրելու տարբերակը։

*

*