Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայի նկատմամբ սահմանած մի շարք սահմանափակումներ

Պուտինը Ռուսաստանի կառավարությանը նաեւ կարգադրել է միջոցներ ձեռնարկել՝ երկու երկրների միջեւ չարթերային չվերթների վրա սահմանված արգելքի չեղարկման համար:
putin

Ռուսաստանի նախագահը պաշտոնապես չեղարկել է սահմանափակումները՝ կապված ռուս զբոսաշրջիկների Թուրքիա այցելության հետ: Վլադիմիր Պուտինը նախօրերին հրամանագիր է ստորագրել, մասնավորապես, հանելով արգելքը՝ սահմանված դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքի վրա:

Պուտինը Ռուսաստանի կառավարությանը նաեւ կարգադրել է միջոցներ ձեռնարկել՝ երկու երկրների միջեւ չարթերային չվերթների վրա սահմանված արգելքի չեղարկման համար: Պետք է նաեւ բանակցություններ սկսվեն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ՝ Ռուսաստանի՝ Թուրքիայի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցները վերացնելու համար:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ պատժամիջոցների չեղարկման գործընթացը տեղի կունենա փուլ առ փուլ, որպեսզի վնաս չհասցվի ռուսաստանցի արտադրողին:

Նախորդ տարի նոյեմբերին թուրքական F16-ը խոցել էր Ռուսաստանին պատկանող ռազմական ինքնաթիռը: Մոսկվայի պնդմամբ, միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի օդային տարածքում: Դրանից հետո Մոսկվան մի շարք պատժամիջոցներ սահմանեց Անկարայի նկատմամբ: Մոսկվայի պնդմամբ, Թուրքիայի նախագահն օրերս ներողություն է խնդրել կատարվածի համար: Անկարան նշում է, որ միայն ափսոսանք են հայտնել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները