Մեծ Բրիտանիան վերջնաժամկետ է տվել Ռուսաստանին — Երկիր Մեդիա

Մեծ Բրիտանիան վերջնաժամկետ է տվել Ռուսաստանին

Երեքշաբթի նախատեսվում է անցկացնել կառավարության արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ։
skripal

Ռուսաստանին վերջնաժամկետ է տրված մինչեւ երեքշաբթի՝ բացատրություն տալու, թե ինչու են ռուս նախկին լրտեսն ու նրա դուստրը թունավորվել Լոնդոնում։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ մեջբերելով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսքերը։

Վերջինիս կարծիքով՝ հավանական է, որ Ռուսաստանն է պատասխանատու մարտի 4-ին տեղի ունեցած հարձակման համար։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր համերաշխությունն է հայտնել Բրիտանիայի կառավարությանն ու պատահածը որակել է որպես աղմկահարույց քայլ՝ կատարված Ռուսաստանի կողմից, որը պետք է ունենա լուրջ հետեւանքներ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեյի հետ զրույցում եւս դատապարտել Է թունավորումը եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշման հետ համերաշխություն հայտնել: Կողմերը նշել են «Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը» եւ համաձայնել, որ անհրաժեշտ Է շարունակել դաշնակիցների հետ համատեղ գործել այդ խնդրի լուծման համար:

Երեքշաբթի նախատեսվում է անցկացնել Մեծ Բրիտանիայի կառավարության արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, որի ժամանակ կքննարկվի այս հարցը:

Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը Մեծ Բրիտանիայում առողջական ծայրահեղ ծանր վիճակում են՝ նյարդակաթվածային թույնի պատճառով։

*

*