Ճառագայթման բարձր մակարդակ՝ ՌԴ Սեվերոդվինսկ քաղաքում

Կես ժամվա ընթացքում ճառագայթման մակարդակը 3 անգամ գերազանցել է թույլատրելի քանակը
severodvsk

Ռուսաստանի Արխանգելսկի մարզի զորավարժարաններից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպից հետո Սեվերոդվինսկ քաղաքում ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը 4-16 անգամ բարձրացել է: Տեղեկությունն այսօր հրապարկվել է «Ռոսհիդրոմետ»-ի՝ Ռուսաստանի «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ հիդրոօդերեւութաբանության դաշնային ծառայության» կայքէջում:

Պատահարի օրը Սեվերոդվինսկի քաղաքացիական պաշտպանության բաժնի պետն ասել էր, թե կես ժամվա ընթացքում ճառագայթման մակարդակը 3 անգամ գերազանցել է թույլատրելի քանակը՝ հասնելով ժամում 2 միկրոզիվերտի: Մինչդեռ առավելագույն թույլատրելի մակարդակը ժամում 0.6 միկրոզիվերտն է: Նահանգապետից եւ բոլոր ծառայությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով էր ձեւավորվել, որը եզրակացրել էր, թե միջադեպից մեկուկես ժամ հետո ճառագայթման մակարդակը վերադարձել է իր թույլատրելի նորմային, եւ բնակչությանը ոչինչ չի սպառնում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցած հրդեհից եւ դրան հաջորդած պայթյուններից հետո Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե «հեղուկային ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկումների ժամանակ» տեղի ունեցած ողբերգությունը 2 մարդու կյանք է խլել: Սակայն 2 օր անց «Ռոսատոմ»-ը հայտարարել էր, որ հրթիռի փորձարկման հետեւանքով պետական կորպորացիայի 5 աշխատակից է զոհվել, 3-ը՝ հոսպիտալացվել: Մինչ օրս հայտնի չէ զոհերի եւ տուժածների ճշգրիտ թիվը։

*

*